2025 թվականի հունիսի 21-22-ին «Քարահունջ հայագիտական կենտրոնը» գործընկեր կազմակերպությունների հետ միասին հանդիսավոր կերպով տոնեց Ամառային արևադարձը Քարահունջ աստղադիտարանում։
Ամառային արևադարձի խորհուրդը՝ որպես բնության և տիեզերական ցիկլերի կարևորագույն հանգրվան, ստացավ առանձնահատուկ հնչեղություն Քարահունջում՝ հին աստղադիտարանի տարածքում։
Երկօրյա տոնակատարության ողջ ընթացքը ամբողջացվել և ներկայացվել է ֆիլմի տեսքով։
Փետրվարի 8-ին մենք տոնեցինք «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ի 6-ամյակը։
Օրը սկսեցինք առավոտյան՝ հավաքվելով մեր արշավների մեկնարկի մշտական վայրում, ապա ուղևորվեցինք դեպի Բյուրական, որտեղ մեզ հյուրընկալեց երաժիշտ, ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը՝ իր «Տոնացույց» հյուրատանը։
Հյուրատուն հասնելով՝ մի հին ավանդույթի հետևեցինք․ յուրաքանչյուրս վառեցինք մեր ճրագը՝ մոմերը տեղադրելով աղանձով լի տարաների մեջ, որոնք մեր առջև վառ մնացին ամբողջ օրվա ընթացքում։ Մոմն ու աղանձը ձմռան խորհրդանիշներ են, և հենց այդ պատճառով այս, այսպես կոչված, ճրագալույցի ծեսը առանձնահատուկ նշանակություն ուներ․ այն ազդարարում էր Քարահունջ հայագիտական կենտրոնի նոր տարվա սկիզբը։
Մթնոլորտը բացառիկ ջերմ ու ոգեշնչող էր։ Սեղանի շուրջ հավաքվել էին հայագիտության մեջ իրենց խոսքն արդեն ասած մի շարք անվանի գիտնականներ, ինչպես նաև երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են հայագիտությամբ և ազգային մշակույթով։
Հասմիկ Բաղրամյանը մեզ համար պատրաստել էր հայկական ճոխ սեղան, որի զարդերն էին Վանա խաշը, արիշտան և քուֆթան։
Ճաշից հետո ուղևորվեցինք Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղ հիացանք թե՛ նրա ճարտարապետությամբ, թե՛ եկեղեցու բակում տեղադրված խաչքարով։ Այնուհետև Մեղրիկ աղբյուրից ջուր կաղնդեցինք՝ համաձայն հին հեթանոսական ավանդույթի։
Ծեսից հետո վերադարձանք հյուրատուն, որտեղ համտեսեցինք արևխաչ գաթան՝ թխված Քարահունջ կենտրոնի ծննդյան տարեդարձի առթիվ։ Այնուհետև սկսեցինք պարել հայկական ազգային պարեր։ «Արի Պարի» նախագծի հիմնադիր Համազասպ Ասլանյանը մեզ սովորեցրեց բոլոր այն պարերը, որոնք միասին պարեցինք՝ լի ուրախությամբ և միասնականության զգացումով։
Ամբողջ օրվա ընթացքում մեզ ուղեկցեցին անկեղծ, հետաքրքիր ու բովանդակալից զրույցներ,որոնք օրը դարձրին առավել հիշարժան։
Օրվա ավարտին Հասմիկ Բաղրամյանը մեզ նվիրեց իր վերջերս լույս տեսած գիրքը՝ «Հովհաննես Թումանյան․ «Շունն ու Կատուն» մեկնաբանություն», ինչը դարձավ այս հիշարժան օրվա գեղեցիկ և խորհրդանշական եզրափակումը։
Երեկոյան վերադարձանք Երևան՝ անկրկնելի տպավորություններով, ժպիտներով և առաջիկա հանդիպումների սպասումով։
Այսօր մենք տոնում ենք <<Քարահունջ Հայագիտական կենտրոն>> ՀԿ-ի տարեդարձը։
Հայագիտական կենտրոնի պաշտոնական գրանցումից դեռևս 2 տարի առաջ նույն թիմով նախաձեռնել էինք «Փրկենք Քարահունջը» շարժումը, այսինքն՝ ընդհանուր առմամբ կենտրոնն արդեն 8 տարեկան է, իսկ պաշտոնական գրանցումից անցել է 6 տարի։
Սակայն ամենակարևորն այն է, որ մենք շարունակում ենք գործել և անում ենք հնարավոր ամեն ինչ Քարահունջի պահպանության և ուսումնասիրության ուղղությամբ։
Սիրելի թիմակիցներ, ընկերներ և հետևորդներ՝ սրտանց շնորհավորում ենք ձեզ «Քարահունջ Հայագիտական կենտրոնի» ծննդյան առթիվ։ Այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվել է բազմիցս կանխել Քարահունջին սպառնացող հնարավոր վտանգները և հնարավորինս պահպանել այս բացառիկ հնավայրը։
Բացի այդ, համագործակցել ենք բազմաթիվ մասնագետների հետ, կազմակերպել գիտարշավներ դեպի Հայաստանի հնավայրեր, իրականացրել միջոցառումներ, հանդիպումներ և դասախոսություններ՝ նպաստելով հայագիտության զարգացմանն ու ոլորտի աշխուժացմանը։
Կենտրոնի գործունեության շնորհիվ բազմաթիվ հայագետներ և ոլորտի մասնագետներ կարողացել են հաստատել մասնագիտական համագործակցություններ, ստեղծել նոր կապեր և համատեղ նախաձեռնություններ, որոնք էլ ավելի են խթանել հայագիտության առաջընթացը։
Արտերկրում ապրող բազմաթիվ հայ և օտարազգի անհատներ հնարավորություն են ստացել լսվելու, Հայաստան այցելելու ընթացքում բացահայտումներ անելու և ավելի խորությամբ ճանաչելու մեր պատմությունն ու գիտական ժառանգությունը։ Բազմիցս մեր կազմակերպությունը միջնորդի դեր է ստանձնել գիտնականների միջև՝ նպաստելով համագործակցությունների ձևավորմանը և ամրապնդմանը։
Մեզ դեռ երկար և պատասխանատու ճանապարհ է սպասում։ Առջևում նոր ծրագրեր, հետազոտություններ, քննարկումներ և համագործակցություններ են՝ լի կարևոր և հետաքրքիր բացահայտումներով։
Քարահունջ աստղադիտարանը այն եզակի հնավայրերից է, որը ոչ միայն վկայում է հազարամյակներ առաջ ապրած մարդու բարձր զարգացվածության մասին, այլև օգնում է վերարժևորել մեր պատմությունը ժամանակի խորքերից։ Եվ մենք հպարտ ենք հայտարարելու, որ կանենք ամեն հնարավորը և անգամ անհնարինը՝ Քարահունջը պահպանելու համար, քանզի այն մեր բոլորի ընդհանուր ժառանգությունն ու հարստությունն է։
Շնորհակալ ենք այս տարիների ընթացքում մեզ աջակցած բոլոր գործընկերներին, բարեկամներին և անհատներին։
Շնորհավոր տարեդարձդ, Քարահունջ Հայագիտական կենտրոն։
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 77-րդ հանդիպումը։
Թեմա․ «Քաղաքակրթության մոլորակ Հայաստանը»
Բանախոս․ Լիա Ավետիսյան՝ գրող, թարգմանիչ։
Հանդիպման օրը համընկավ հայ ժողովրդի նշանավոր գիտնականի՝ ռադիոֆիզիկոս, ռադիոաստղագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան տարելիցի հետ։ Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեծ գիտնականի հիշատակը։