Ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 83-րդ հանդիպումը, որը կազմակերպվում է Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ համատեղ:
Թեման՝ «Հայերենի անհայտ ծագման բառարմատների խնդիրը նոստրատիկ լեզվաբանության համատեքստում /ֆիննաուգրական լեզուների համեմատությամբ»:
Բանախոս՝ Գոհար Նիկողոսյան, բ.գ.թ., ՀԱՊՀ օտար լեզուների ամբիոնի դոցենտ։
Ապրիլի 23-ին տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 82-րդ հանդիպումը Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ համատեղ:
Թեման՝ «Քվանտային Տիեզերք և Կյանք Որպես Պատրանք»:
Բանախոս՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյան (ՀՀ ԳԱ Ակադեմիա):
Ապրիլի 18-ին <<Քարահունջ հայագիտական կենտրոնի>> թիմը հյուրընկալեց Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին։ Հանդիպման նախաձեռնությունը պատկանում էր մաթեմատիկայի ուսուցչուհուն, ով դիմեց մեր կենտրոն խնդրանքով, որ մեր մասնագետները պատմեն աշակերտներին Քարահունջի մասին, քանի որ աշակերտներn աշխատում էին մի նախագծի շուրջ, որը ներառում էր նաև Քարահունջ աստղադիտարանի ուսումնասիրությունը։ Նշենք, որ երեխաները նախորոք ընթերցել էին բավականին շատ նյութեր Քարահունջ աստղադիտարանի մասին և պատրաստված էին։
Հայագիտական կենտրոնի թիմը սիրով արձագանքեց առաջարկին՝ համոզված լինելով, որ Քարահունջի պահպանությունն ու արժևորումը լիարժեք չեն կարող իրականացվել առանց երիտասարդ սերնդի կրթության և ներգրավման։ Մենք միշտ ուրախ ենք նրանց հետ կիսվել մեր գիտելիքներով։
Հանդիպման ընթացքումՔարահունջ հայագիտական կենտրոնի տնօրեն Նանա Հերունին աշակերտներին հանգամանորեն ներկայացրեց Քարահունջի աստղադիտարանը, դրա գիտական և մշակութային նշանակությունը, ինչպես նաև դրա կապը տիեզերական երևույթների հետ։ Ելույթներով հանդես եկան նաև կենտրոնի անդամներ Հրաչիկ Հակոբջանյանը և Գառնիկ Ստեփանյանը։
Հուսով ենք, որ այդ երեկո աշակերտները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, և նրանց հետաքրքրությունը հնագույն պատմական հուշարձանների, մասնավորապես Քարահունջ աստղադիտարանի նկատմամբ, կուղեկցի նրանց նաև հետագայում։ Նրանք նաև պատրաստակամություն հայտնեցին ապագայում շարունակել կապը կենտրոնի հետ և մասնակցել ամառային արևադարձի նշմանը։
Ապրիլի 17-ին տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 81-րդ հանդիպումը Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ համատեղ:
Թեման՝ «Ծիսապաշտամունքային երգերի հնագույն շերտերը և դրանց խորհրդաբանությունը»:
Բանախոս՝ Մարիաննա Տիգրանյան՝ երաժշտագետ, ֆոլկլորագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշատող, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դոցենտ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող:
Ապրիլի 10-ին Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 80-րդ հանդիպումը:
Թեման՝ «ԱՇԽԱՐՀԻ ՆԱԽԱԼԵԶՈՒՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԾԱԳՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԵՏՈՎ»:
Զեկուցումը նվիրված էր այն խնդրի լուսաբանմանը, որ 19-րդ դարում լեզվաբանության մեջ աշխարհի լեզուները դասակարգվեցին 60 լեզվաընտանիքների, առանց քննելու՝ կան արդյոք երկրագնդի վրա 60 համապատասխան վայրեր, որտեղ կարող էր առաջանալ մարդը և գոյատևել բարենպաստ պայմաններում։ Կատարվում է լայն ֆորմատի հետազոտություն և ներկայացվում, որ կարելի է գտնել միայն 5-8 նման վայրեր, թեև հնէամարդաբանությունը միայն Արևելյան Աֆրիկան է հռչակել որպես մարդկային արարման վայր։
Բանախոս՝ Հրաչիկ Հակոբջանյան, լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի Բրյուսովի պետական համալսարանի լեզվաբանության ամբիոնի դոցենտ, «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի հիմնադիր անդամ:
Մարտի 28–ին Քարահունջ Հայագիտական Կենտրոնի անդամներով և ընկերներով այցելեցինք Հասմիկ Բաղրամյանի՝ Բյուրականում գտնվող «Տոնացույց» հյուրատուն՝ ուշացումով նշելու գարնանային օրահավասարը՝ Արևի հաղթանակը, ինչպես նաև Ծառզարդարի / Ծաղկազարդի տոնը։
Ճանապարհ ընկանք առավոտյան և, մինչև Բյուրական հասնելը, կանգ առանք Ագարակում՝ հաղորդակցվելու արագիլների հետ, քանի որ դա անելու համար սա տարվա ամենանպաստավոր շրջանն է՝ Թռչնագալուստը։ Կանգ առանք արագիլների բների առջև և սկսեցինք նրանց համար երգել հայկական ավանդական երգեր։ Տեղի ունեցավ ամենազարմանալին։ Իրենց հերթին արագիլներն արձագանքեցին մեր երգերին, սկսեցին մեզ հետ երգել և սավառնել մեր գլխավերևով։ Այդ պահը վերածվեց մի յուրահատուկ և կենդանի երկխոսության՝ մարդու ու բնության միջև։
Այդ տպավորիչ հանդիպումից հետո այցելեցինք նաև Ագարակի Թուխ Մանուկ հնավայրը, որտեղ մի պահ ևս զգացինք հողի ու ժամանակի շունչը։
Հաջորդ կանգառը ձնծաղիկների դաշտն էր, որտեղ ևս յուրահատուկ ծես անցկացրինք։ Խոսեցինք ձնծաղիկների հետ, այնուհետև յուրաքանչյուրս մի ձնծաղիկ քաղեց և քսեց աչքերին՝ այն խորհրդով, որ աչքներս լույս լինեն ամբողջ տարին, միշտ գեղեցկություն տեսնենք։
Վերջապես ժամանեցինք «Տոնացույց» հյուրատուն և, օգտվելով առիթից, որ Ծառազարդի տոնն էր, հիմնեցինք մեր կենտրոնի կենաց ծառն ու բոլորով զարդարեցինք այն, ինչից հետո սեղան նստեցինք՝ լի հնագույն, անգամ նախաքրիստոնեական բաղադրատոմսով պատրաստված, տոնին համահունչ ուտեստներով։ Համտեսեցինք, օրինակ, Թթու մախոխ, լոբապուր, ավելուկով պոչապուր, սիսեռով կոլոլակ, հատիկ ածիկ, հազարով սնկով փլավ և պահքի հալվա։
Ինչպես միշտ, այս անգամ ևս վարեցինք հետաքրքիր զրույցներ, երգեցինք Թռչնագալուստին նվիրված երգեր, պարեցինք շորոր պարեր՝ կռնգոցիներ։
Երեկոյան վերադարձանք Երևան՝ լցված օրվա տպավորություններով, սիրով ու մի առանձնահատուկ ներքին բերկրանքով, որը երկար է մնում մարդու հետ՝ հիշեցնելով, թե որքան կարևոր է երբեմն կտրվել առօրյա շտապողականությունից և վերադառնալ մեր արմատներին։