top of page

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ստեղծում

2018 թվականի օգոստոսին հնագետները, պեղումների քողի տակ, սկսեցին Քարահունջ հնագույն աստղադիտարանի (Սյունիքի տարածաշրջան, ք. Սիսիանի) ոչնչացման գործընթացը՝ ավերելով քարերի հիմքերը, վնասելով դրանք և ենթարկելով  տեղաշարժման։  Այս ամենն արվում էր բանվորների ձեռքով՝ քլունգի և բահերի միջոցով, իսկ ավելի վաղ՝ ծանր տեխնիկայի, մասնավորապես՝ վերամբարձ կռունկի օգնությամբ: Մեգալիթների ողջ երկայնքով փորվել են «խրամատներ», այն պարագայում, երբ քարերից յուրաքանչյուրը հանդիսանում է որպես ճշգրիտ աստղագիտական գործիք  և ոչ մի դեպքում ենթակա չէ տեղաշարժմանը, այլապես կկորչի մեր ազգային հուշարձանի պատմական, գիտական և մշակութային արժեքը։ Այս իրավիճակում, խանդավառ և կարեկցող մարդկանցից, ստեղծվեց «Փրկիր Քարահունջը» ազգային շարժման ողնաշարը, որը ժողովրդական բողոքի ալիք բարձրացրեց ընդդեմ հուշարձանի ոչնչացման: Ակտիվ աշխատանքներ ծավալվեցին հուշարձանի պահպանման համար տեղական և միջազգային տարբեր մարմինների համագործակցությամբ: Երկուսուկես տարվա մեծ ջանքերը և պայքարը այն համակարգի դեմ, որը  լեգիտիմացրել էր հնագետների գործողությունները, հանգեցրին նրան, որ այս պահին «պեղումները» դադարեցվել են անորոշ ժամանակով, բայց չեն փակվել, ուստի մեր առաքելությունը շարունակվում է։

IMG_1659.JPG

2020 թ. Փետրվարի 5-ին շարժումը ձեռք բերեց պաշտոնական կարգավիճակ. Այն գրանցվեց որպես «Քարահունջ հայագիտական կենտրոն» հասարակական կազմակերպություն։ Հիմնադիրները տարբեր ոլորտների գիտնականներ են՝ երկրաբաններ, բժիշկներ, բանասերներ, պատմաբաններ, քիմիկոսներ, հնագետներ և այլն: Չնայած մեր ուշադրության հիմնական առարկան մնում է հնագույն Քարահունջ աստղադիտարանը, դրա պահպանումը, ուսումնասիրումը և փոխանցումը սերունդներին, մենք նաև ուսումնասիրում ենք այլ պատմական հուշարձաններ (մասնավորապես՝ աստղագիտական բովանդակությամբ, ինչպես  ժայռապատկերներով մի քանի քար, որոնք գտնվում են Սև Սար լեռան լանջին), նաև կազմակերպում ենք գիտական արշավներ, իրականացնում հետազոտություններ, անցկացնում գիտական զեկույցների ունկնդրումներ և քննարկումներ, հրապարակում աշխատանքներ։

Ներկայումս «Քարահունջ աստղադիտարանի» տարածքում պեղված և բաց երկնքի տակ թողնված  ի խախտում հնագիտական ​​ժառանգության պահպանության եվրոպական կոնվենցիայի նորմերի տարածքները, վերջապես կոնսերվացված են։Այսպես կոչված պեղումներն իրականացվել են վերոհիշյալ կոնվենցիայի, «Մշակութային և պատմական հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական գրանցում, ուսումնասիրում, պահպանում, համախմբում, նորոգում, վերականգնում և օգտագործում» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման, և «Զորաց քարեր» Բնակավայր պատմամշակութային արգելոցի (որի մասն է կազմում «Քարահունջ աստղադիտարանը>>) կանոնադրության մի շարք կետերի խախտումներով։ Մենք շարունակում ենք ակտիվորեն պայքարել հուշարձանի վերականգնման, պահպանման և անխաթար վիճակում ապագա սերունդներին փոխանցելու համար՝ փորձելով նաև օրինախախտներին ենթարկել քրեական պատասխանատվության:

Տասնյակ հազարավոր հայեր ամբողջ աշխարհից աջակցում են մեր պայքարին։ Քարահունջի պահպանման հարցով մենք համագործակցում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում ` ԻԿՕՄՕՍ-ի հետ։

Նպատակները, առաքելությունը և արժեքները

 

«Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի գործունեության ոլորտը հոգևոր և պատմական արժեքներն են, մշակութային ժառանգությունը, դրա հայտնաբերումը, հետազոտումը, պահպանումը, բարելավումը, վերականգնումը, հայոց պատմական կոթողների նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացումը, հանրությանը իրազեկման, զարգացման և կրթման նպատակով միջոցառումների իրականացումը, գալիք սերունդներին անվնաս փոխանցումը, ինչպես նաև ժամանակակից մշակույթի խթանումը և ներկայացումը։

Մեր կենտրոնի արժեքները հայ ազգի արժեհամակարգն է՝ արտահայտված հայ քաղաքական և ռազմական մեծ առաջնորդ, հայ ազգայնական գաղափարախոսության հիմնադիր Գարեգին Նժդեհի հետևյալ մտքերով.

 «Վա՜յ այն ժողովրդին, որի անցյալն իր համար լոկ մի գերեզման է անխոս: Չկա ավելի մեծ ծառայություն իր ժողովրդին, քան պատմագրումը նրա անցյալ կյանքի: Նոր Խորենացիներ, Եղիշեներ թող ճակատագիրը չզլանա մեզ»: 

 «Չկայ կեանքն ազգին եւ հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկութիւն աշխարհում»։

Կազմակերպության կարգախոսն է. «Տարբեր տեսակետներ, մեկ նպատակ»:

bottom of page