top of page
Writer's pictureMariam Vardanyan

Թովիչ հանդրիպում Արթուր Թարխանյանի ճարտարապետական կենտրոնում

Դեկտեմբերի սկզբին ««Քարահունջ հայագիտական մշակութային կենտրոն» ՀԿ-ի մի շարք հիմնադիր անդամներ և համակիրներ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հրավերով սրտառուչ ու թովիչ հանդիպում ունեցան Խորհրդային Հայաստանի ճարտարապետական մշակույթի փառքը լավագույնս ներկայացնող մի ցնցող կաճառի հետ, որը կոչվում է  «Արթուր Թարխանյանի ճարտարապետական կենտրոն»։ Թանգարան-ցուցասրահը կառուցվել է մեծ ճարտարապետի դուստր, նույնպես հայտնի ճարտարապետ, բազմաթիվ հետաքրքիր նախագծերի հեղինակ Անահիտ Թարխանյանի մտահղացմամբ, նախագծով ու ընտանիքի միջոցներով։

Շինությունը հիրավի մի եզակի կառույց է, որի արտաքուստ ոչ մեծ ծավալի մեջ զետեղված է ճարտարապետական մի տիեզերք։ Այլ կերպ չես անվանի նշանավոր ճարտարապետ, Երևանի նախագծի հեղինակ և կառուցող Ալեքսանդր Թամանյանի հոգատար միջավայրում աճած ու հզորացած ճարտարապետների մեծ ընտանիքի տաղանդավոր անդամների մեծաքանակ գործերի մասին պատմող ցուցադրանքը, որոնց շարքում մեծ հոգատարությամբ ու բանիմացությամբ ներկայացված են Արթուր Թարխանյանի նախագծերով կառուցված ճարտարապետական հրաշքները։ Երբ տարբեր օրերի բովում առիթ է լինում անցնել այդ հուշարձանների կողքով, որոնցից ամեն մեկը Երևանի այցեքարտ կարող է ծառայել, լցվում ես հպարտության զգացումով, որ ինչ-որ ժամանակ երևանում ապրել ու քայլել ես այդ Մեծ Հայի հետ կողք կողքի, իսկ երբ այդ բոլոր շինությունների վերաբերյալ ցուցադրանքները տեսնում ես մի տանիքի տակ,  միմյանց հետ ժամանակագրորեն ու թեմատիկ հզոր կապի մեջ, սիրտդ անսահման գորով է համակում ու զարմանում ես, թե ինչպես կարող է մի մահկանացու մարդը մտահղանալ այդ ամենը, դարձնել իրականություն ու նվիրել հարազատ ժաղովրդի միմյանց հաջորդող բազում սերունդներին։

Միմյանց հետևից տեսնում ես քայլառքայլ ձևավորվող հուշարձանների նախագծերն ու կառուցումները, լսում դրանց վերաբերյալ Անահիտ Թարխանյանի բանիմաց ու իմաստալից զրույցները ու զարմանում, թե ինչպես է «Գերագույն Է-ն» իր ստեղծած «Էակին» օժտել նման արարչագործական կարողունակություններով․ ահա «Ռոսիա» կինոթատրոնի շենքը, որը իր նախագծման ողջ ընթացում հայտնի է եղել «Ուրարտու» անվամբ, ահա «Սպորտ-համերգային համալիրը» իր երկու կյանքվ՝ մինչև հրդեհը և դրանից հետո, ահա Ծիծեռնակաբերդում կառուցված «Եղեռնի զոհերի հուշարձանի համալիրը», ահա «Օդանավակայան»-ի գեղեցիկ և գործաբանորեն կատարյալ համալիրը, որի գլխին Դամորկլյան սրի նման կախված է օտարելու գաղափարը, ահա «Երիտասարդական պալատ»-ի համալիրը, որին ազգովին ուրացանք և թույլ տվինք  նրա հետ անել անկարելին․․․ Ու այդ բոլորը մի կամարի տակ։ Ակամա մտածում ես, թե որքան մեծ են մեր անհատները իրենց արարման մեջ ու որքան անփոյթ ենք մենք երբեմն դրանք պահպանելու հարցերում։

 «Քարահունջ հայագիտական մշակութային կենտրոն» ՀԿ-ի շուրջ համախմբված բազմահազար անդամների ու համակիրների անունից Մենք՝  (Նանա Հերունի, Թովմաս Բադալյան, Հրաչյա Հակոբջանյան, Հովհաննես Ազիզբեկյան, Լեյլա Ստեփանյան, Զոհրապ Մուղդուսյան, Գառնիկ Ստեփանյան, Հովհաննես Պիկիչյան, Ելենա Հակոբյան, Մարիամ Վարդանյան) ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ խոսք ենք հղում Անահիտ Թարխանյանին և նրա ընտանիքին՝ այդ արժեքավոր թանգարան-ցուցասրահի ստեղծման, պահպանման ու պրոպագանդման համար, ու նրանց դասում ենք մեր ժամանակի ՄԵԾԵՐԻ շարքին։ Շնորհակալություն ՁԵԶ շարքային հայ քաղաքացիների կողմից։

 

05․12․2023թ            «Քարահունջ հայագիտական մշակութային կենտրոն» ՀԿ






10 views0 comments

Comments


bottom of page