top of page
Carahunge.org

Այց ՔԱՐԱՀՈՒՆՋ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ՝ Հայոց ազգային պարերի օրվա ներքո:

Հունիսի 25-ին «Քարահունջ» հայագիտական մշակութային կենտրոնի անդամները ընկերների հետ հերթական անգամ այցելեց Սյունիքի Քարահունջ աստղադիտարանը։ Արշավախմբի կազմում էին՝ Նանա Հերունին, Նոնա Բունիատյանը, Հրաչյա Հակոբջանյանը, Թովմաս Բադալյանը, Զոհրաբ Մուղդուսյանը, Հովհաննես Պիկիչյանը, Գրիգոր Գինոսյանը։


Արշավը զուգակցվեց «Հազարաշեն» նախաձեռնության կողմից ծրագրած Հայկական պարին ու երգին նվիրված միջոցառմանը, որն իրականացվեց հունիսի 25-ի առավոտից։ Այն սկսվեց Երևանում՝ Մաշտոցի պողոտայի սկզբից՝ Հայկական պարի ճարտարագետ Սրբուհի Լիսիցյանի երբեմնի բնակության շենքի հուշաքարի մոտից, ուր համառոտ խոսքով ուրվագծվեց նրա կատարած տիեզերական մեծության աշխատանքի ծավալը հայկական պարի արձանագրառման ոլորտում, որով եղեռն ապրած ժողովրդի բազմաթիվ ու բազմազան պարեր փրկվեցին անհետացումից։


Երկար ճանապարհը դեպի Քարահունջ մեքենայում ուղեկցվում էր մեր Կենտրոնի կատարած աշխատանքների տարբեր դրվագների հուշերով, Երևանյան քաղաքային բանահյուսության հին երգերի կատարումներով։


Չնայած աստղադիտարանի վերաբերյալ վահանակի աղքատիկ տեղեկատվությանը՝ Քարահունջ հնավայրը մեզ դիմավորեց անսպասելիորեն լավ․ մուտքը երկու կողմից ուղեկցող մատաղ տնկիների ու վարդերի շարքեր, նորակառույց զուգարաններ, ցանկապատված, մաքուր տարածք․ հանգստանալու հարմարավետ նստարաններ:

«Քարահունջ կենտրոն»-ի և «Հազարաշեն» նախաձեռնության համատեղ միջոցառումը Քարահունջ աստղադիտարանում նվիրված էր ակադեմիկոս Պարիս Հերունու 90-ամյակին, ով երկար տարիներ հետազոտել է կառույցը: Այն սկսվեց Արևի տաճարի տարածքում, ուր Կենտրոնի հիմնադիր անդամ Հ․ Հակոբջանյանը հիշատակեց աստղագիտական տեսության հեղինակ` ռադիոֆիզիկոս, հնաստղագետ, ակադեմիկոս Պարիս Հերունուն, համառոտակի անդրադառձավ վերջինիս գործունեությանը, Քարահունջի՝ որպես աստղադիտարանի գիտական հիմնավորման և մեծ մտածողի մահվանից հետո նրա տեսությունը շարունակող գիտնականների կատարած հայտնագործություններն։


Պարիս Հերունու 90-ամյակին նվիրեց իր երգը գրող, երգահան, երգիչ Արսեն Համբարյանը: Միջոցառումը ավարտվեց շուրջպարով և ռազմական պարով «Արդվին Անսամբլ»-ի կատարմամբ:


Այնուհետև Մասնակիցները մեկնեցին Սիսիան, ուր Մշակույթի պալատի առջևից կազմակերպվեց 888 մետրանոց Հայոց Եռագույնի երթը մարզակենտրոնի փողոցներով, ուր այն, երբեմն պոռթկացող քամու տակ, հաճախ վեր էր ածվում ճախրի։ Այսպիսով հայկական ավանդական պարերի օրերը ևս մեկ առիթ հանդիսացան ծածանել աշխարհում ամենաերկար եռագույնը Սյունիքում։





18 views0 comments

Comments


bottom of page