top of page

ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ


Մայիսի 10-ին «ՇԻՐԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» գիտակրթական համալիրը կազմակերպեց միջոցառում, նվիրված ակադեմիկոս Պարիս Հերունու 90-ամյակին և ջերմորեն հյուրնկալեցին «Քարահունջ հայագիտական կենտրոնի» հիմնադիրներ Նանա Հերունուն, Հրաչիկ Հակոբջանյանին և Զոհրաբ Մուղդուսյանին:

 

Դարպասից դուրս մեզ դիմավորեցին ճեմարանի տնօրեն պարոն Աշոտ Ալիխանյանը, հյուրընկալության աշխատակիցը և երկու զբոսավար՝ ճեմարանի ավարտական դասարանի սովորողներից։ Մեզ ուղեկցեցին պարեկային ծառայության անցակետից ներս և սկսեց մեր մոտ մեկժամյա շրջայցը ճեմարանի տարածքով մեկ, որտեղ զետեղված էին հաստատության մասնաշենքերը, մարզական հրապարակները՝ մեծ թենիսի կորտերով ու ֆուտբոլի դաշտով։ Հենց առաջին նախասրահում զետեղված էր մեծ մոնիթոր, որի վրա օրվա մշակութային ծրագրի ծանուցումն էր՝ նվիրված ռադիոֆիզիկայի ակադեմիկոս, հայ մշակութաբան Պարիս Հերունու 90-ամյակին։

 

Ընթացում ականատես եղանք հիանալի կազմակերպված և մեծ հաջողություններ նվաճած ուսումնական հաստատության կենսական ռիթմով բաբախող ուսումնամշակութային կյանքի տարբեր դրվագներին։ Մեր օրերի համար այս հիրավի զարմանալի նվաճումը ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի ու նրա կերտած բարեհամբույր ու գործունյա հանրույթի մտահղացումների ու ամենօրյա նվիրաբերման աշխատանքի ադյունքն է։

 

Խիստ հագեցած ուսումնամեթոդական աշխատանքին զուգահեռ Ճեմարանում գործում են ֆիթնեսի և պարի դասընթացներ, կավագործության, կերպարվեստի և նկարչության ուսուցանում, սպորտի, զբոսաշրջության ուղղություններ։

 

Շրջայցի ավարտից հետո ուղևորվեցինք մեծ դահլիճ, որտեղ և սկսվեց բեմադրությունը, նվիրված Պարիս Հերունուն, ով 90-ական թվականներից համագործակցել էր ճեմարանի հետ, բացել մաթեմաթիկայի առարկայական օլիմպիադան և ելույթ ունեցել ճեմարանի սաների առջև: Բեմադրությունը բազմապլան էր․ այն ներառեց Պարիս Հերունու խոսքը արհեստական բանականության օժանդակությամբ, ներկայացվեցին դրվագներ գիտնականի կյանքից և ճեմարանի հետ նրա հանդիպումներից, աշխատությունները, ցուցադրվեց խմբային պար, ներկայացվեցին աշակերտների երկրաբանական հետազոտությունները Քարահունջ աստղադիտարանի տարածքում: Ավարտին մենք, հյուրերս, հնարավորություն ունեցանք արտահայտվելու բեմից և պատասխանելու աշակերտների հարցերին:

 

Մեր այցելության ավարտին մի գավաթ սուրճի շուրջ ջերմ զրույց ունեցանք ղեկավար կազմի և պարոն Ալիխանյանի հետ նրա աշխատասենյակում: Երախտապարտությամբ նշենք, որ շրջայցի ընթացքում մեզ էին մոտենում դպրոցի անձնակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ և իրենց բարի խոսքերը հղում թե՛ Պարիս Հերունու անձին, թե՛ «Քարահունջ մշակութային կենտրոնի» աշխատանքին: Մենք շատ շոյված էինք զգում մեզ, թե՛ մեր ընդունելության բարձր մակարդակի, թե՛ ակադեմիկոս Պարիս Հերունու նկատմամբ նրանց տածած ջերմության համար։ Շնորհակալ ենք և զգացված:

 

Կարծում ենք, որ այսօրվա հանդիպումը անպայման հիմք կդառնա Շիրակացու ճեմարանի և «Քարահունջ հայագիտական մշակութային կենտրոնի» համագործակցության համար:

 







Comments


bottom of page